Հուլիսի լույս 16-ի գիշերը ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ փոխարինված համարանիշերով «BMW» մակնիշի մեքենայով երեք երիտասարդ Եղեգնաձորի մթերային խանութներից մեկի դուռը բացել ու գողացել են վճարային տերմինալը։
Երևանի բնակիչ երիտասարդները հայտնվել են քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտում։ Կազմակերպվել են դարանակալումներ։ Միջոցառումներին միացել են ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Վայքի բաժնի ծառայողները։ Համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում նոր տեղեկություններ են ստացվել, որ նրանք տերմինալը տարել են Արփի գյուղի տարածք, կոտրել ու միջի գումարը վերցրել են։ Բացի այդ, մեքենայի վրա տեղադրել են իրական համարանիշերը և շարժվել Արենի գյուղի ուղղությամբ։ Այստեղ դարանակալած ոստիկանները բռնել են նրանց ու բերման ենթարկել Եղեգնաձորի բաժին։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է տերմինալից հափշտակված գումարը։ Տերմինալն ու գողության պահին մեքենայի վրա տեղադրված համարանիշերը ևս հայտնաբերվել են։ Պարզվել է, որ համարանիշերը գողացել են Վայք քաղաքում կայանված մի մեքենայից։ Բերման ենթարկվածներից երկուսը ձերբակալվել են, իսկ մեկը՝ ստորագրությամբ բաց թողնվել։ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային քննչական բաժին։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: