ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ զրուցել է ՀՀ տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ Ռուսաստանում ծիրանի վաճառքի հետ առաջացած խնդիրների շուրջ ու նշել, որ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։
«Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է՝ հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։
Սակայն սա չպետք է անհետևանք մնա։
Նոր զրուցեցի ՀՀ տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։
ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։