Իջևանի տեղեկատվական միասնական կենտրոնում ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց սահմանային իրավիճակի մասին։
«Սահմանագոտու երկայնքով հիմնականում եղել է հանգիստ։ Թեթևակի կրակոցներ հրաձգային զենքերից՝ ոչ կանոնավոր, եղել են, բայց դրանից րոպեներ անց պաշտպանության բանակը հայտնեց, որ խոցել են ադրբեջանական հերթական ԱԹՍ-ն»,- նշեց Հովհաննիսյանը։
Վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը։ Հիմնականում բոլորի մոտ դրական դինամիկա է զգացվում, բացի մեկ վիրավորից, որի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ճիշտ է, կրակոցները դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակվում են ամենատարբեր ապատեղեկատվությունները, խուճապների տարածում և այլն։ Ես հորդորում եմ մեր գործընկերներին հետ մնալ գնահատականներ տալուց, հատկապես նկատում եմ նման միտում ընդհանրացնող եզրակացությունների, թե ինչ եղավ, ինչպես եղավ, ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց: Հարգելիներս, դրա ժամանակը չէ, դեռ վաղ է այդ մասին խոսելը, սպասենք պաշտոնական տեղեկություններին»,- խնդրեց ՊՆ ներկայացուցիչը։