Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանականին սահմանի ուղղությամբ հարևան երկրի սանձազերծած քայլերին ու դատապարտել այն՝ խորհուրդ տալով Իլհամ Ալիևին վերջապես դառնալ պարկեշտ մարդ ու առաջնորդ։
«Վերջին մի քանի օրերը իմ կյանքի ամենածանր օրերից էին, որովհետև իմ սիրելի երկիրը ՝ Հայաստանը, հնարավոր է՝ լայնամասշտաբ պատերազմի բռնվեր հարևան ագրեսորի՝ Ադրբեջանի հետ, որը մի քանի օր առաջ հարձակվեց Հայաստանի Տավուշի մարզի մեր սահմանների վրա։
Ադրբեջանի կառավարության և նրա նախագահի՝ Իլհամ Ալիևի անողոք և եսասեր գործողությունների պատճառով երկու կողմից էլ շատ զինվորներ արդեն զոհվել են, և ես սարսափով եմ մտածում, որ մեր քաջարի հերոսները կարող են շարունակել զոհաբերել իրենց կյանքը՝ պաշտպանելով իրենց երկիրը, իրենց ժողովրդին և իրենց ընտանիքներին:
Ադրբեջանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը խախտել է հրադադարը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ։ Բացի այդ, Ադրբեջանն իր հրետանին է տեղակայել սահմանի մոտ գտնվող գյուղերում, որոնք լի են սեփական խաղաղ բնակիչներով՝ դրանք օգտագործելով որպես վահան իր «թշնամու» դեմ։ Եթե կարծում եք, որ դա անբարոյականության և վախկոտության հատակն է, ապա ․․.. Ադրբեջանն արդեն ռմբակոծել է մի շարք ոչ ռազմական հայկական կառույցներ, ներառյալ՝ տեքստիլ ֆաբրիկան, որն ամեն օր արտադրում է 300․000 բժշկական դիմակներ (մարդկանց ՔՈՎԻԴ-19-ից պաշտպանելու համար), կոնյակի գործարանը և նույնիսկ մանկապարտեզը։ !! Բացի այդ, Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել հայկական ատոմակայանին, ինչը բնապահպանական աղետի կհանգեցնի ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում:
Բայց ես խորապես հավատում եմ, որ դա երբեք տեղի չի ունենա՝ պայմանավորված է մի շարք պատճառներով, որոնց մասին կխոսեն փորձագետները: Նշեմ միայն, որ Հայաստանի պատասխանը կարող է և նույնքան կործանարար լինել Ադրբեջանի համար, եթե ոչ ավելին։
Բայց ես չեմ ուզում խոսել պատերազմի մասին և աղոթում եմ, որ դա երբեք տեղի չունենա։ Ես խորապես հավատում եմ, որ երբեք ուշ չէ նստել բանակցությունների սեղանի շուրջ և ցանկացած հարց լուծել խաղաղ ճանապարհով։ Հայերը միշտ եղել են խաղաղասեր ազգ, մեծ ստեղծագործողների, նկարիչների, գիտնականների ու մարզիկների ազգ: Բայց երբ դա անհրաժեշտ էր, մենք դարձանք անվախ զինվորներ, որոնց հնարավոր չէ հաղթել և նվաճել, և Ադրբեջանը պետք է դա իմանա, որովհետև վերջին 30 տարիների ընթացքում մենք հաջողությամբ պաշտպանում ենք մեր հողն ու մեր ժողովրդի ազատությունն Արցախում (նաև հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ)։ Հայերը միշտ բաց են խաղաղ քննարկումների համար և միշտ ցանկանում են արարել, այլ ոչ թե քանդել։ Բայց եթե ինչ-որ մեկը նման սարսափելի սխալ է թույլ տվել՝ մեզ հետ խոսել ուժի լեզվով, մենք կպատասխանենք: Եվ մեր պատասխանը կլինի կործանարար: Եվ ես խոստանում եմ ձեզ, որ եթե անհրաժեշտ լինի, մենք բոլորս կվերցնենք զենքը և միասին կկանգնենք մեր հայրենիքը պաշտպանելու համար՝ գիտնականներ, մարզիկներ, առևտրականներ, նկարիչներ, մենք բոլորս կդառնանք անվախ զինվորներ, որոնց դուք նախկինում երբեք չեք տեսել: Եվ ես կլինեմ դրանցից մեկը...
Հուսանք, որ դա երբեք այդքան հեռու չի գնա, և մեր երկրներն ու կառավարությունները բոլոր հարցերը կլուծեն բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտի դաշտում։
Ես ոչինչ չունեմ Ադրբեջանի ժողովրդի դեմ, որը խաղաղություն է ուզում, ինչպես մենք, դրա համար էլ հիմա դիմում եմ Ադրբեջանի նախագահին.
Պարոն Ալիև, թույլ մի տվեք, որ ավելի շատ մարդիկ մահանան երկու կողմերից ձեր քաղաքական ամբիցիաների և իշխանության ծարավի պատճառով: Երբեք ուշ չէ դառնալ պարկեշտ մարդ, իսկական իմաստուն առաջնորդ, ով իր երկիրը տանում է դեպի լուսավոր ապագա, այլ ոչ թե իր ժողովրդին թունավորում ատելությամբ ու զայրույթով։ Եվ դուք հասկանում եք, որ որքան շուտ, այդքան ավելի լավ ձեր սեփական երկրի համար...
Խաղաղություն՝ այն ամենը, ինչ մենք բոլորս ուզում ենք և ինչի մասին աղոթում ենք...»,- ասված է աշխարհահռչակ թավջութակահարի գրառման մեջ։