Այսօր կարևոր հանդիպում ունեցա ճանապարհաշինարարություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը:
«Քննարկեցինք հանրապետությունում շինաշխատանքների ընթացիկ վիճակը, բարձրաձայնվեցին առաջացած խնդիրներն ու դրանց լուծման արդյունավետ տարբերակները: Ընդգծել եմ, որ շինաշխատանքների բնականոն հունը որևէ կերպ չպետք է խոչընդոտվի: Ավելին` դրանք պետք է ընթանան առավել մեծ ծավալներով և որակի նկատմամբ բարձր հսկողությամբ:
Շինաշխատանքների պատասխանատուներին հորդորս է նաև մեր երկրի համար հատկապես վճռորոշ այս ժամանակաշրջանում դրսևորել առանձնակի սրտացավություն` հանձն առած գործի նկատմամբ և սեփական նպաստը ունենալ հայրենիքի շենացման գործում` այս տարի նպատակադրված ցուցանիշները պատվախնդրորեն ապահովելով»,- գրել է նա: