ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ իր հիացմունքն է արտահայտել մոսկվայաբնակ հայերի մասին ու նշել, որ Մոսկվայում բնակվող հայերի այս համախմբված քայլը ցույց է՝ ի պաշտպանության Հայաստանի, ցույց է՝ ի պաշտպանություն Հայաստանում տեղի ունեցող վերափոխումների։
«Մոսկվայի հայերը հիացնում են։
Իրենց աննախադեպ ինքնակազմակերպվածությամբ նրանք մարտահրավեր են նետում Հայաստանի ինքնիշխանության հակառակորդներին և նախկին ռեժիմի կամակատար ռուսահայ քրեաօլիգարխիային։
Նախօրեին ադրբեջանցիների՝ գյուղատնտեսական շուկաներում սանձազերծած հակահայկական դեմարշից հետո ոչ մի ռոբսոն, ոչ մի ավագումյան ու մոնարխ չկանգնեց տնտեսականն դժվարագույն ժամանակներում ապրող Հայաստանից ծիրանը Մոսկվա հասցրած վարորդների և ընկերությունների կողքին։
Մոսկվայի հայերի այս համախմբված քայլը ցույց է ի պաշտպանության Հայաստանի, ցույց է ի պաշտպանություն Հայաստանում տեղի ունեցող վերափոխումները։
Ցույց է ընդդեմ բոլոր նրանց, ովքեր շաբաթներ առաջ հնարել էին Հայաստանում հակառուսականության մասին կեղծ թեզեր և փորձում էին այլոց քաղաքական շահը առաջ մղել մեր երկրում՝ միաժամանակ շտապում ձեռքեր տաքացնել։
Ցույց է ընդդեմ նախկին ռեժիմի, որոնք երկրի ներսում հենարանից զրկված՝ դրսում են հենարան փնտրում, ցույց է ընդդեմ նրանց, ովքեր այս օրերին ապացուցեցին, որ հայրենիք, ինքնասիրություն և արժանապատվություն չունեն։
Մոսկվայի հայերն արժանապատվորեն պահեցին իրենց բաժին խրամատն ու սահմանը՝ արժանապատվորեն մերժեցին հարյուրավոր ազգերի երկրորդ հայրենիք Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անհանդուրժողականության, խտրականության և թշնամական այս անթույլատրելի ակտը։
Կեցցե՛ք, մոսկվաբնակ հայեր, կեցցե՛ք մեր քույրեր և եղբայրներ, հազար անգամ կեցցե՛ք»,- ասված է պատգամավորի գրառման մեջ։