Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման կատարման շրջանակում Հայաստանը վերացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության էլեկտրոնային հարթակում պետական գնումների մասին ռուսաց լեզվով տեղեկատվության բացակայության հետ կապված խոչընդոտը: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ԵՏՀ մամուլի ծառայությունը: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրները հաստատել են, որ խոչընդոտն այժմ վերացել է:
Ավելի վաղ Բելառուսը դիմել էր հանձնաժողով՝ նշված հարթակում ռուսաց լեզվով համապատասխան տեղեկատվության բացակայության կապակցությամբ: Այդ հանգամանքը որոշակի դժվարություններ էր ստեղծում միության այլ երկրների ձեռնարկատերերի համար: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչությունն ուսումնասիրել է հանգամանքները, որից հետո կոլեգիան որոշում է կայացրել տեղեկացնելու Հայաստանի Հանրապետությանը խոչընդոտի առկայության մասին:
Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյան տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը օպերատիվ վերացրել է խոչընդոտը՝ ստեղծելով պետական գնումների նկատմամբ հավասար հասանելիություն ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար:
«2020 թվականի սկզբից միության երկրները վերացրել են ներքին շուկայում առկա 9 խոչընդոտ, ինչը խոսում է այն մասին, որ անդամ երկրները ձգտում են ապահովել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությունն առանց խոչընդոտների, սահմանափակումների և բացառումների՝ ելնելով չորս ազատությունների սկզբունքից՝ ապրանքների, կապիտալի, ծառայությունների ու աշխատուժի շարժ», - հայտնել է Վարդանյանը: