Արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հետ կապված շուրջօրյա կապի մեջ է գործընկեր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Այս մասին Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Եղավ այս իրադարձությունների հետ կապված մեր թե գործընկերներ պետությունների, թե միջազգային կազմակեպությունների միանշանակ գնահատականը, որն ուղղված էր էսկալացիայի թուլացմանը և կայունացման հաստատմանը»,- ասաց նա։
Նաղդալյանը նշեց, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս ընթացքում ունեցել է երկու տասնյակից ավելի հեռախոսազանգեր գործընկերների հետ, տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները հուլիսի 12-ից տեղի ունեցող իրադարձությունների մասին օպերատիվ տեղեկատվությունը փոխանցում էին գործընկեր պետություններին։
«Դրա համար ունենք նաև միջազգային հանրության գնահատականը, որտեղ նշված է, որ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն լարվածության թուլացման և կայունացման հաստատման ուղղությամբ»,- հավելեց Նաղդալյանը։