Ուկրաինայում շարունակում են հնչել քննադատական հայտարարություններ երկրի ԱԳՆ-ի ադրբեջանամետ դիրքորոշման վերաբերյալ, տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էին Ուկրաինայի Գերագույն ռադայի երկու պատգամավոր, իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Նշելով հակամարտության տեղայնացումը եւ Ադրբեջանի գործողությունները՝ կազմակերպությունը նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որեւիցե տարածքային պահանջներ չկան:
Ուկրաինայի Հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ հակամարտության սկզբնական պատճառը ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: «Հայաստանի նպատակը հարեւանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը:
Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի ահիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով:
Կարեւոր է նաեւ նշել, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտվել ադրբեջանական կողմի աջակցությամբ՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել:
Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարեւոր հարցի մակերեւութային ուսումնասիրման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով հապշտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում եւ չի պաշտպանում կողմերից ոչ մեկին:
Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի Հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: