Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները՝ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանին և Գևորգ Նարինյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ` տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ավելի վաղ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Այլ մանրամասներ դատախազությունը չէր հաղորդել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: