Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ բացի շենք-շինություններից, վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած հրետակոծությունների հետևանքով տուժել են նաև ենթակառուցվածքներ, որոնք լիարժեք վերականգնված են, սակայն աշխատանքները դեռ կշարունակվեն:
«Տուժել են ավտոմեքենաներ, ընտանի կենդանիներ, ռմբահարվել են անասանագոմեր, այս հարցերը ևս գույքագրված են և այս մասով անպայման կլինի որոշակի փոխհատուցում»,- ասաց մարզպետը:
Խոսելով ապաստարանների կառուցման անհրաժեշտության մասին` մարզպետը նշեց, որ վերջին տարիներին սահմանապահ գյուղերում իրականացվել է ապաստարանների շինարարություն և չի կարելի ասել, որ դրանք կառուցվել են միայն մանկապարտեզներում և դպրոցներում: Մարզպետի խոսքով` ընտրվել են ամենաապահով տարածքները:
«Բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ: Մեր գյուղերում կան խմբային և անհատական ապաստարաններ: Ապաստարանի դեր են խաղում նկուղները: Այս օրերին հիմնականում դրանք են կիրառվել: Ուզում եմ հատուկ նշել և բարձր գնահատել մեր ժողովրդի ինքնապաշտպանական բնազդն ու զգացողությունը: 100-ից ավել հրետակոծության արդյունքում ունենք մեկ վիրավոր, և դա խոսում է ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի և քաղպաշտպանության ինստիտուտի լավ աշխատանքի մասին:
Մարզպետի խոսքով` իրականացվում են ապաստարանների լրացման և ամբողջացման աշխատանքներ: Խոսքը ոչ միայն ստանդարտ ապաստարանների մասին է, այլ փոքր նկուղ-ապաստարանների: