Այսօր ունեցել են հերթական խաղաղ օրը, ամբողջ օրվա ընթացքում հրետակոծություն չի եղել: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալ իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել երեկ, ամբողջ օրվա ընթացքում, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում իրականացված վերականգնողական աշխատանքների շնորհիվ: Երեկ, օրվա վերջում, ըստ էության, ավարտել ենք բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները` ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները:
Այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր, բոլոր պայմանները կային դրա համար: Զուգահեռ իրականացվել են հետևանքների գույքագրման աշխատանքներ: Ամբողջական գնահատում կունենանք մեկ շաբաթվա ընթացքում: Առանձնացրել ենք 12 տուն` 6-ն Այգեպարում, 6-ը` Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները»,- նշեց մարզպետը:
Նրա խոսքով`արդեն շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարաններն ու տները: Անվտանգության կանոնների պահպանության նորմերը չեն խախտվել, քաղպաշտպանության համակարգն աշխատել է լիարժեք լարվածությամբ` հնարավոր ռիսկերի դեպքում արագ արձագանքելու համար:
«Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև քաղպաշտպանության համակարգերում, համալրումներ են եղել ապաստարաններում, պատսպարաններում, իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, տրամադրվել են շտապօգնության նոր ամենագնաց մեքենաներ: Ամեն օր ավելի ենք համալրում և ուժեղացնում քաղաքացիական պաշտպանության համակարգը»,- ասաց նա:
Չոբանյանը տեղեկացրեց, որ շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող բոլոր ճանապարհներին: Դա արվում է ելքերի և մուտքերի ընդհանուր հսկողություն իրականացնելու նպատակով` հնարավոր սրացումների դեպքում տարածաշրջանում գտնվող մարդկանց կառավարելու համար: