Տավուշի ուղղությամբ հարձակումներին զուգահեռ կապիտոլիումի բարձունքում շրջանառության մեջ դրվեցին մեզ համար կարևոր մի քանի դրույթներ։ Գալիք շաբաթ Կոնգրեսը քննարկելու է Ամերիկյան ազգային պաշտպանության մասին համապարփակ փաստաթուղթը, որտեղ մեր լոբբին առաջարկում է փոփոխություններ կատարել։
Կոնգրեսական Շերմանն առաջարկում է արգելել Ադրբեջանին փոխանցել ամերիկյան այնպիսի սպառազինություն, որով հնարավոր կլինի հարվածել քաղաքացիական օդանավերի` հաշվի առնելով Ալիևի նմանօրինակ սպառնալիքները դեպի Արցախ հնարավոր թռիչքների հետ կապված։ Մյուս փաստաթուղթը Բաքվին տրամադրված ամերիկյան ռազմական օգնության հանդեպ Կոնգրեսի ու Պենտագոնի հսկողությունն ուժեղացնելու մասին է։
Վերջին փաստաթուղթն Արցախում ականազերծման ֆինանսավորումը վերսկսելու մասին է։ Բոլոր նախաձեռնություններին սատարում է Ֆռեզնոյից կոնգրեսմեն Ջիմ Կոստան, ով ասում է, որ մտահոգությամբ հետևում է Տավուշում իրադարձություններին։
Անցնող շաբաթներին Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը, ապա նաև հանձնաժողովը, ուսումնասիրելով 2021թ-ին ֆինանսական տարվա փաստաթուղթը, դրանում ներառեցին ձևակերպումներ Լեռնային Ղարաբաղի ականազերծումը ֆինանսավորելու մասին։
Քրիստեն Սթիվենսը, ով Արցախում ականազերծում կատարող HALOTrust-ի պատասխանատուներից է, այս օրերին աշխատում է օրենսդիր ու գործադիր թևերի հետ` պարզաբանելու համար, որ առանց ամերիկյան ֆինանսավորման ականազերծումն Արցախում թեև շարունակվում է, բայց շատ ավելի սեղմ ձևով։
Նահանգներում Հայաստանի դեսպան ն ու Արցախի ներկայացուցիչը, Հալո Թրաստի ղեկավարությունն այս օրերին մասնակցում էին ամերիկայի հայկական համագումարի ամենամյա խորհրդաժողովին։ Նախորդ տարիներին բազմամարդ սրահներում կազմակերպվող միջոցառումy համավարակի պատճառով անցավ Զում ծրագրի ձևաչափով։ Նույնպես տեսակապով այս օրերին Հայաստանի Ազգային Ժողովի` Միացյալ Նահանգների հետ բարեկամության խմբի անդամները Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի և այլ թեմաներ քննարկում էին ամերիկյան Կոնգրեսի իրենց գործընկերների հետ։