ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ստուգայցերն անցկացրել է Արաբկիրում։ Երևանի այս վարչական շրջանում տասնյակ անակնկալ դիտարկումները չնչին խախտումներ են արձանագրել, որոնց մի մասը` տեղում վերացման ենթակա։
Համաժամանակյա դիտարկումներ են անցկացվել, մասնավորապես, սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղերում։ Ստուգայցերի մի մասի հիմքում եղել են քաղաքացիներից թեժ գծով ստացված ահազանգերը։ Այսուհանդերձ, տեսչական մարմնի մասնագիտական խմբերը փաստում են` խախտումները զգալիորեն նվազել են, որոշ տնտեսավարողների մոտ` անգամ բացառվել։
Զուգահեռ տարվել են նաև կասեցման աշխատանքներ` առավելապես մարզերում ու հիմնականում մանրածախ առևտրով զբաղվող անհատ ձեռներեցների մոտ։
ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր և ողջ երկրում։ Տեսչական մարմինը հորդորում է տնտեսավարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը: Քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը: