«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի կինոարտադրության ոլորտի զարգացման GAIFF Pro նորարարական հարթակի ծրագրերն ու նախագծերը հատեցին եզրագիծը։ Կազմակերպիչները գոհ են առցանց անցկացված միջոցառումների անցկացումից։
«Առցանց միջոցառումների կազմակերպումն ունի իր դժվարություններն ու խնդիրները, ու միշտ վախ կա, որ որևէ նամակ չի հասել, ժամային գոտին խառնվել է, ինչ որ մասնակիցներ չեն գա և այլն: Շատ ուրախ եմ փաստել, որ նմանատիպ խնդիր տեղի չունեցավ, պլանավորված բոլոր միջոցառումներն անցկացվեցին, չեղան ինտերնետային խափանումներ և այլն: Ու թեև շուկան մեծ չէր, ինչպես Ռոտերդամում կամ Կաննում, սրա անցակացումն անչափ կարևոր էր երիտասարդ ռեժիսորների համար, ովքեր չեն կարողանում աշխատել իրենց ֆիլմերի վրա ստեղծված պայմանների պատճառով: Թեև կարճատև, թեև առցանց, նրանք կարողացան գնահատական լսել իրենց նախագծերի վերաբերյալ, ինչը, բնականաբար կօգնի նրանց շարունակել աշխատանքը»,- նշում է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
Նրա խոսքով՝ առցանց կազմակերպված GAIFF Pro-ի համար Փոքր Կովկաս տարածաշրջանից ընտրվել էին 16 կինոնախագծեր, որոնցից 4-ը՝ Հայաստանից: Անցնելով ինտենսիվ դասընթացներ մինչ շուկայի սկսելը` երիտասարդ ռեժիսորներն ունեցել են անհատական հանդիպումներ մի շարք միջազգային մասնագետների հետ, մասնակցել հայտնի ռեժիսորներ Ատոմ Էգոյանի և Ալլա Քովգանի, պրոդյուսեր Մարտին Հագեմանի մենթորական հանդիպումներին:
Տեղի են ունեցել նաև աշխատանքային փուլում գտնվող փուլերի փակ և առցանց ցուցադրություններ, իսկ ժյուրին, որում ներգրավված էին մասնագետներ Ֆրանսիայից, Բելգիայից և Գերմանիայից, որոշում է կայացրել մրցանակը շնորհել «Ռոման և ուխտապանը» (ռեժիսոր՝ Իրակլի Մետրևելի) վրացական նախագծին:
«Շատ ակտիվ անցան նաև 11 զրույցներն ու քննարկումները, որոնք հեռարձակվում էին նաև փառատոնի և GAIFF Pro-ի ֆեյսբուքյան էջերում: Թեմաները բազմազան էին և հետաքրքիր բոլոր մասնագետներին: Թերևս կարող ենք առանձնացնել Ատոմ Էգոյանի հանդիպումը վրացի երիտասարդ ռեժիսորների հետ, որի ընթացքում մասնակիցները փորձում էին զուգահեռներ անցկացնել Ատոմ էգոյանի «Օրացույց» և վրացի ռեժիսոր Կեկո Չելիձեի «Մահացած հոգիների արձակուրդը» ֆիլմերի միջև: Ուշադրության էր արժանի նաև կինոժառանգության վերականգնման և պահպանմանը նվիրված քննարկումը, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և Ուզբեկստանի մասնագետներ, որոնք ակտիվորեն ներգրավված են կինոժառանգության պահպանման գործում: Զրույցը վարել է Դանիել Բըրդը, ով զբաղվում է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի վերականգնմամբ: Մյուս կարևոր զրույցը վարել է ֆրանսիացի Պիեր Սիմոն Գուտմանը, որ ֆիլմերի համագրող է Կաննի փառատոնում և պատմել է, թե ինչպես են մեծ փառատոների ընտրություններն ազդում երիտասարդ ռեժիսորիների կարիերայի վրա»,-նշել է GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը։
Մյուս հանդիպումները նվիրված էին ֆիլմերի համար ֆոնդերի հայթայթմանը, որին մասնակցել են Եվրոպայի ամենամեծ փառատոների և ֆոնդերի ներկայացուցիչները, հատուկ զրույց է վարել հանրահայտ Ադա Սոլոմոնը, ում արտադրած ֆիլմերն արժանացել են մրցանակների հնարավոր բոլոր փառատոներում: Այս քննարկումների և զրույցների մեծ մասը դեռևս հասանելի կլինի փառատոնի ֆեյսբուքյան էջում ևս մի շաբաթ:
Սոնա Կարապողոսյանի խոսքով՝ կարևոր էր այն փաստը, որ չնայած համավարակին, թիմը փորձել է պահել ծիրանյան շունչը Երևանում ու խոստանալով բոլորին շատ շուտով հանդիպել ու վայելել արևոտ Երևանը: