Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով Վայոց ձորի և Սյունիքի մարզի 100 գյուղական բնակավայր սպասարկող մասնավոր անասնաբույժներին, կաթ մթերող կոոպերատիվներին ու ընկերություններին տրամադրվել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝ 7,500 հատ բժշկական դիմակ, 15,000 զույգ ձեռնոց և ախտահանիչ նյութեր: Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում, տեղեկացնում են «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ից։
Ծրագրի աջակցությամբ 70 անասնաբույժ մասնագետներին և 50 կաթ մթերողներին տրամադրվելու է նաև հատուկ հանդերձանքի 180 հավաքածու, 90 ձեռքերի ախտահանման սարքեր և այլ պարագաներ, ինչպես նաև մասնագիտական աջակցություն համավարակի պայմաններում կաթի և մսի արժեշղթաներում անասնաբուժական, կաթի մթերման և այլ հարակից ծառայությունների անխափան և շարունակական աշխատանքի ապահովման նպատակով:
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև սույն թվականի օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն աջակցելու կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին համավարակի պայմաններում ապահովել աշխատանքների անվտանգ և անխափան իրականացումը:
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացնում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն, որը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրում: