Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։
Հանդիպմանը մասնակցել են Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հիմնադիր նախագահ, «Յունիքոմփ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Օնէքս» ՍՊԸ տնօրեն Սամվել Մարտիրոսյանը և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:
Ընկերությունների ղեկավարներն անդրադարձել են ոլորտի վրա համավարակի ազդեցությանը, երկրի համար գերակայություն հանդիսացող այս բնագավառի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև՝ որակյալ կրթությանը, արտոնությունների տրամադրմանը, ժամանակակից ուղղություններին՝ տվյալների կառավարմանը, կիբերանվտանգությանը: Նրանք կարևորել են նաև համագործակցությունը տեխնոլոգիաների զարգացմանը վերաբերող նախագահական նախաձեռնությունների և Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի շրջանակներում:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել՝ հաջողության հասնելու համար: Նախագահն առաջարկել է փոփոխվող աշխարհին նայել ուրիշ աչքերով, հասկանալ զարգացման միտումներն ու ուղղությունները և փորձել դիրքավորվել նորովի: Մասնավորապես անդրադառնալով հանդիպմանը քննարկված՝ տվյալների անվտանգության թեմային, նախագահ Սարգսյանն ասել է, որ այն այսօր արժեքավոր ուղղություն է։ «Աշխարհը փոխվում է, և տվյալների դերը ևս փոխվում է՝ դառնալով այնքան դոմինանտ, որ վերածվում է նավթի նման արժեքավոր հումքի: Այս համատեքստում՝ շատերը չգիտեն՝ ինչ անել։ Բայց այս իրավիճակը նաև հնարավորություն է ստեղծում։ Այստեղ ճիշտ կլինի, որ մենք գործընկերներ ունենանք։ Պետք է համագործակցել այն ընկերությունների, մարդկանց հետ, ովքեր աշխարհում լավագույններն են։ Նրանց հետ համագործակցելով պետք է առաջ գնանք: Սա ևս հնարավորություն է, որ կարող ենք Հայաստանում զարգացնել»,- ասել է նախագահը:
Նախագահը նշել է, որ հենց դրան է ուղղված նաև ATOM նախագահական նախաձեռնությունը: Նախաձեռնության շրջանակում համագործակցության մասին արդեն իսկ նախնական պայմանավորվածություն կա 18 խոշորագույն ընկերությունների հետ, որոնք աշխարհի տեխնոլոգիական հսկաների թվում են՝ IBM-ը, Siemens -ը, Thales-ը, Dassault-ը, Safran-ը, Քեմբրիջի համալսարանի գիտական պարկը և այլն: «Գաղափարն այն է, որ փոքր լաբորատորիաներ ստեղծվեն, որոնք կզբաղվեն արհեստական բանականությամբ,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Ծրագիրն ունենալու է մի քանի բաղադրիչ. մեկը թանգարանն է, որը կոչվելու է Ապագայի թանգարան։ Լինելու են նաև համաժողովների կենտրոն և կրթական պլատֆորմ: Ուրախ կլինեմ միասին աշխատել»։
Նախագահը համաձայնել է հանդիպման մասնակիցների հետ, որ ոլորտի զարգացման հիմքը որակյալ կրթությունն է. «Եթե մեր կրթական համակարգը չբարձրացնենք միջազգային որակի՝ խիստ կարգապահության, պահանջկոտության մակարդակով, շատ դժվար է լինելու»։
Հանրապետության նախագահը կարևորել է նաև Հայաստանի ներուժն ու հնարավորություններն արտերկրում պատշաճ ներկայացնելու խնդիրը, ինչի համար մեր երկրում համապատասխան ինստիտուտի, կամ, ինչպես նշվել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) և Հանրապետության նախագահի աշխատակազմի համատեղ պատրաստած փաստաթղթում, Արագ արձագանքման խմբի կարիք կա. «Մեր պատկերացումով՝ այն պետք է լինի փոքր գործակալություն, որը կկարողանա ձեզ հասկանալ և տարբեր երկրներում գործընկերներ գտնել։ Բոլոր պետությունները՝ մեծից մինչև փոքր, ունեն նման ինստիտուտի կարիք։ Այս համատեքստում ձեզ հետ համագործակցությունն էական կլինի»։
Նախագահը նույնպես կարևոր է համարել համագործակցությունը նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվող միջազգային միջոցառումների շրջանակներում: Անդրադարձ է եղել հնարավոր համագործակցությանը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից կազմակերպվող Silicon Mountains համաժողովի, ինչպես նաև աշնանը ծրագրվող՝ «Հորասիս-Չինաստան» համաժողովի, գալիք տարի Երևանում նախատեսվող՝ գիտության, աստղագիտության, երաժշտության ու արվեստի STARMUS փառատոնի շրջանակներում, որն ունենալու է նաև տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը նվիրված բաղադրիչ: