Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնակատար Վարդան Մելիքյանը Գեղարքունիքի մարզում հետևել է «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից հերթական անգամ իրականացվող՝ Սևանի իշխանի գեղարքունի տեսակի 3 գրամ միջին քաշով 62․500 հատ և 240.000 հատ 1,75 գրամ քաշով մանրաձկան բացթողնման աշխատանքներին։
Մանրաձկան բացթողումն իրականացվել է լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետերի միջին և ստորին հոսանքներում։
Մանրաձկան բացթողման աշխատանքներից առաջ Վարդան Մելիքյանը հիմնադրամի ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների հետ քննարկել է ձկնապաշարների հաշվառմանն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող հարցեր։ Քննարկման ընթացքում շոշափվել են նաև խեցգետնի պաշարներին առնչվող հարցեր։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է եղել նաև ապօրինի ձկնորսությանը, որն էապես անդրադառնում է ձկնապաշարների նվազմանը։
Աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» աշխատակիցներ։
Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Դրա նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։