Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնը Ջերմուկ քաղաքում 24 ժամով կասեցրել է հյուրանոցային 4 կազմակերպության գործունեությունը։ Նախորդիվ ստուգայցերի արդյունքում այստեղ արձանագրված խախտումներն առավելապես վերաբերում են ախտահանման և ջերմաչափման գործընթացներին, դրանց համար սահմանված գրանցամատյանների ոչ պատշաճ լրացմանը։
Կասեցման աշխատանքներին զուգահեռ՝ տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ ստուգայցերը։ ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ուժեղացված ստուգայցերն այսօր ընթացել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում: Դիտարկվել է պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը՝ ուշադրություն կենտրոնում պահելով այն տնտեսավարողներին, որոնց մասին ահազանգեր են ստացվում:
Կրկնակի այցեր են եղել նաև նախորդ ստուգայցերի ընթացքում արդեն դիտարկված տնտեսվարողների մոտ։
ԱԱՏՄ ստուգայցերն անակնկալ են, ամեն օր և ողջ երկրում։ Տեսչական մարմնի ներկայացուցիչների այցելած տնտեսվարողների մոտ դեռ շարունակում են արձանագրվել խախտումներ՝ կապված ախտահանիչ նյութերի, դիմակների համար նախատեսված հատուկ փակվող աղբամանների, սոցիալական հեռավորություն պահպանելու նպատակով արվող գծանշումների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ:
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանված անվտանգության նորմերը և հետամուտ լինում դրանց կատարմանը. քանի դեռ կորոնավիրուսը նահանջի հեռանկար չի ցուցաբերում, ԱԱՏՄ-ն շարունակելու է ուժեղացված հսկողությունը: