«Վիվա Սելի» ու «Յուքոմի» բաժանորդներն այս լուսադեմին ադրբեջանական հաքերներից կարճ հաղորդագրություն ստացան։ Լատնինատառ, տառասխալներով գրված նամակում Պաշտպանության նախարարությունն իբրև հորդորում է զորահավաքով բանակ չմեկնողներին գնալ արյուն հանձնել, քանի որ սահմանին իրավիճակը լարված է։
Հակառակորդի հերթական ապատեղեկատվությունը հերքվեց շատ արագ, սմս-ով նախարարությունը զգուշացրեց՝ չհավատալ կեղծիքին ու հետևել միայն պաշտոնական լրահոսին։ Բացատրությունը չուշացավ նաև կապի օպերատորներից։ Համատեղ հայտարարությամբ նշեցին՝ խնդիրն առաջացել է պորվայդերից մեկի հետ։
«Վաղ առավոտյան, ներթափանցելով կապի շարժական օպերատորների հետ գործակցող փոքր VAS (ավելացված արժեքով ծառայություններ մատուցող) օպերատորներից մեկի համակարգը, հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների շրջանում: Մենք մշտական կապի մեջ ենք VAS օպերատորի հետ, որի մասնագետներն աշխատում են իրենց համակարգի անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ»,- գրված է հայտարարությունում:
Այն, որ ադրբեջանցի հաքերները սոցիալական ցանցերում իրականացվող գրոհից անցել են նաև բջջային օպերատորների բաժանորդներին, մեդիա փորձագետ Արթուր Պապյանի կարծիքով վկայում է՝ պաշտպանվածության խնդրի մասին։ Սա մեծ շղթայի մի մասն է, որը շտկելու համար այժմ քայլեր են տարվում։
Երբ սահմանին իրավիճակը լարվում է, լարվում են կրքերը նաև վիրտուալ հարթակում։ Վերջին օրերին փոխադարձ հարձակումների պակաս չկա։ Ադրբեջանցի հաքերների թիրախում հայկական որոշ լրատվականներն էին, նրանց հաջողվել էր անհասանելի դարձել նաև կառավարության ու վարչապետի կայքէջերը։
Ապատեղեկատվության տարածման հիմնական գործիքը, սակայն, մնում են սոցիալական հարթակները։ Ֆեյսբուքում, Ինստագրամում հայ օգտատերերի կոտրված էջերով հաքերները հաղորդագրություններ են տարածում, փորձում խուճապային տրամադրություն ստեղծել։ Բայց մինչև խուճապի մատնվելը, մեդիա փորձագետը խորհուրդ է տալիս ցանկացած ինֆորմացիա նախ ճշտել սկզբնաղբյուրում, հատկապես, երբ լարված կամ պատերազմական օրեր են։
Իսկ որ հաքերի ձեռքը ձեր էջին չհասնի, մասնագետները պարբերաբար բացատրում են` ինչպես է պետք պաշտպանվել։ Պապյանն առաջինն ընդգծում է՝ գաղտնաբառի հուսալիության գործոնը։ Ծննդյան թվերից կամ հարազատների անուն-ազգանունից կազմված գաղտնաբառը կոտրելը հեշտ է, հաքերի համար րոպեների գործ։
Բայց թող տպավորություն չսատեղծվի, թե տեղեկատվական գրոհը միայն ադրբեջանն է անում՝ ասում է փորձագետը։ Հայ հաքերների պատասխանը չի ուշացել։ Անհասանելի են դարձրել Ադրբեջանի կառավարության էջերը, Haqqin,az-ը, կանգնել է հիմնական հաքերային թիմի՝ Anti- Armenia կայքը։ Այս ամենից բացի, խաթարվել են ադրբեջանական երկու բանկերի բանկոմատային ցանցերը։ Մոտ 2 գբ գաղտնի ծավալով գաղտնի տեղեկատվություն էլ հրապարակվել է ադրբեջանի ռազմածովային ուժերի մասին։