Այգին էլ ենք մշակում, նարդի էլ ենք խաղում, պետք լինի՝ զինվորի կողքին էլ կկագնքնենք, ի՞նչ վախ, դա ի՞նչ է: Սահմանամերձ գյուղերի բնակիչները վիրավորվում են այս հարցից: Տարիք, առողջական վիճակ, ռմբակոծություն, ոչինչ ի զորու չէ նրանց ամուր կամքը կոտրել:
«Մեր հողն է, մեր տունը, մեր կյանքն է սա: Լքելու մասին խոսք լինել չի կարող»,- սա է սահմանամերձ գյուղերի բնակիչների դիրքորոշումը:
Սերնդեսերունդ կյանքը վտանգի ենթարկելով, հակառակորդի նշանառության տակ այգի մշակող, ռումբերի ձայնի տակ նորածին քնեցնող տավուշցիները շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով:
Տեր Աբել քահանա Քարտաշյան - Մենք երբեք նախահարձակ չենք լինում, բայց 21-րդ դարում մեր մտածումները պետք է փոխենք: Այլևս սուրբ հաց չունենք շան բերանը տալու: Քանի օր է ասում եմ այս խոսքը: Մեր հայաստանը սուրբ է և մենք շներին տալու սուրբ Հայաստան չունենք:
Լուսաբացն այսօր Տավուշում հարաբերականորեն խաղաղ էր: Այգեպարի, Ներիքն Կարմիր Աղբյուրի, Չինարիի, Բերդի ռմբակոծություններից ու լարվածությունից ընդամենը մեկ օր անց իրենց առօրյան կրկին կազմակերպում են այնպես, կարծես թե ոչինչ չի եղել:
Իր ժողովրդի անվտանգության և սահմանի խաղաղության մասին աղոթքներով է Տավուշի թեմի առաջնորդը վաղ առավոտից գյուղից գյուղ, տնից տուն շրջում: Աղոթքից ու մխիթարելուց զատ իր առաքելությունը նաև կարիքների գնահատումն է համարում: Աշխատանքն ընթացքի մեջ է:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք աշխատանքները կներկայացվեն ոչ միայն Հայաստանի պետական, այլև միջազգային կառույցներին, որպեսզի հետևություններն ու գնահատականները լինեն կոնկրետ փաստերի վրա հիմնված: