Բրիտանիան, ԱՄՆ-ը և Կանադան միաժամանակ հայտարարել են արևմտյան երկրների բժշկական լաբորատորիաների վրա հաքերների խմբի հարձակման մասին, որը հավանաբար կապված է Կրեմլի հետ: Հարձակման նպատակն է գողանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակումները:
Բրիտանական կիբեռանվտանգության ազգային կենտրոնը հայտնել է, որ հարձակումը հայտնաբերելուց անմիջապես հետո տեղեկությունը տարածել է իր ամերիկացի և կանադացի գործընկերներին:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը դատապարտել է «Ռուսաստանի հետախուզության անխոհեմ գործողությունները»: «Այսօր մենք բացահայտեցինք նրանց կիբեռհարձակումները Covid-19-ի պատվաստանյութը ստեղծողների վրա: Այս քայլով նրանք խաթարում են ամբողջ աշխարհի կենսական կարևոր համագործակցությունը համաճարակի դեմ պայքարում»,- ասել է նախարարը:
Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանը կապ չունի հաքերների հարձակումների հետ:
«Մենք տեղեկություն չունենք, թե ովքեր են ներխուժել Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերություններ և հետազոտական կենտրոններ: Կարող ենք մի բան ասել ՝ Ռուսաստանը կապ չունի այդ փորձերի հետ»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: