«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը, սակայն շատ կարևոր է արձանագրել, թե ով էր հրաժարվում, որ սահմանին դիտորդներ և սարքեր լինեն, որոնք նմանատիպ իրավիճակում կկարողանային պարզել՝ ով է սկսել: Դեմ էր Ադրբեջանը: Այս մասին Մինսկում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Քոչարյանը, կարևորելով դիտորդների, սարքերի առկայությունն ու սահմանում վերահսկողությունը, ասաց, որ անհրաժեշտ է, որ միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան ոչ թե հենվել կողմերի հայտարարությունների վրա, այլ իրականում տեղի ունեցած փաստերի վրա:
Շավարշ Քոչարյանը, արձագանքելով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ արձագանքին, ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին օգնության համար չի դիմել:
«Կա համապատասխան հոդված ՀԱՊԿ-ի կանոնադրության, որ, եթե լինում է հարձակում, դու դիմում ես օգնության համար: Մենք չենք դիմել: Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին՝ ինչ իրավիճակ է»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ կազմակերպությունը զգուշացրել է, որ եթե իրավիճակը չհանդարտվի, ապա եթե հայկական կողմը դիմի օգնության, իրենք ստիպված կլինեն ներքաշվել: