Հուլիսի 17-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան է այցելել ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը՝ օպերատիվ իրավիճակին, հակառակորդի կողմից իրականացված սադրիչ հանցավոր գործողությունների դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքին, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակին տեղում ծանոթանալու համար՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այդ նպատակով նա խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի տարածաշրջանն սպասարկող ՀՀ զինվորական դատախազության Լռու կայազորի դատախազների, ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի պետի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ռազմական ոստիկանության տվյալ կայազորի աշխատակիցների մասնակցությամբ, տվել իրավիճակից բխող հանձնարարություններ:
Վահե Հարությունյանը հանդիպել է նաև ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ և հանձինս նրա՝ իր զորակցությունը հայտնել բանակային կորպուսի սպայակազմին և զինվորներին՝ հուլիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում ցուցաբերած խիզախության, բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև կիսել ունեցած մարդկային կորուստների ցավը:
ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալում բուժում ստացող՝ ադրբեջանական հանցավոր գործողությունների արդյունքում վիրավորված զինծառայողներին, քաջալերել նրանց, մաղթել շուտափույթ ապաքինում, ինչպես նաև մանրամասն տեղեկացել նրանց բուժման ընթացքի, պայանների մասին»,- հայտնել է Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 12-16-ը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և այլ դեպքերի առթիվ հարուցվել է 30 քրեական գործ: