Հայ-ռուսական համատեղ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Ռուսաստանի հարավային և արևմտյան ռազմական շրջաններում զորավարժություններ սկսելու վերաբերյալ կնշեմ, որ ՌԴ-ն մեծ պետություն է` հզոր բանակով և հաճախ կարող է իրականացնել նման գործողություններ: ՀՀ զինված ուժերը ռուսական զորքերի հետ, մասնակվորապես, 102-րդ ռազմաբազայի, ունեն այս շրջանակում համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում: Այս մեծ զորավարժությունների ընթացքում 102-րդ ռազմաբազայի հետ մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր` մեկ գնդին հավասար` տանկային, հրետանային, մոտոհրաձգային և այլն:
Հայ-ռուսական համատեղ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, թատերաբեմը, ուղղությունը, և ՀՀ զինված ուժերը, տվյալ իրավիճակում, ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի և այլ-այլ հարցերով ինքնաբավ են և կարող են ինքնուրույն կատարել իրենց խնդիրները»,- նշեց նա:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այսօր զանգահարել էին իրեն և հարց ուղղել` թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի` Բաքու ժամանելու առիթով:
«Այնքան էլ իրավասու չեմ քաղաքական իրադարձությունները կապել իրար հետ, սակայն կասեմ, որ տեղյակ եք Թուրքիայի հայտարարություններին` Ադրբեջանին աջակցելու մասով, երևի թե ինքնաթիռն այդ նպատակով է ժամանել Բաքու, մյուս կողմից էլ` մի փոքր զավեշտալի է ստացվում, Ադրբեջանը կարծես թե ռազմական առումով լիովին ինքնաբավ պետություն է, մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ և եթե այս պահին այսքան մարտերից հետո տրանսպորտով ինչ-որ բան փոխադրելու կարիք կա, ապա դա հարցեր է առաջացնում»,- նշեց նա: