Այսօր առաջնագծում համեմատաբար հանգիստ է եղել, քիչ էին կրակոցները, որոնք եղել են միայն հրաձգային զենքերից: Այս մասին Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Այսօր այցելել եմ զորամասերից մեկը: Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, տեսնում ենք հակառակորդի բոլոր շարժերը, ոտնձգությունները և եթե կատարվի որևէ սադրանք, ապա կստանան արժանի հակահարված»,- ասաց նա:
«Լուրերի» հարցին, թե մարտավարության առումով հակառակորդի ակտիվացումն ու պասիվացումն ինչ կարող է նշանակել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց, որ ռազմական տեսանկյունից դա ընդունված է` հատկապես Ադրբեջանի դեպքում:
«Կարող են տպավորություն ստեղծել, որ հանդարտվել է ամեն ինչ, հրադադար է, բայց այդ ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների, ինչու չէ, նաև բթացնել մեր զգոնությունը` մեկ այլ տեղամասում կամ մեկ այլ սցենարով գործողությունների դիմելու համար»,- նշեց նա:
Հովհաննիսյանը նաև նշեց, որ անկախ սահմանում տիրող իրավիճակից, ՀՀ զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, պլանային միջոցառումներ են կատարվում, որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու: