Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Youtube-ում հոլովակ է տեղադրել, որում ներկայացնում է, թե ինչ կարևոր է անձնական տվյալների անվտանգությունը, քանի որ ադրբեջանցիները մարդկանց թիրախավորում են այդ բազաներով, հեռախոսների միջոցով:
Տեսաուղերձում մասնագետը շեշտում է, որ ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է՝ սկսել են հեռախոսների միջոցով աշխատել: «Շատերը գիշերը՝ ժամը մոտ հինգին, ստացել են հաղորդագրություններ՝ իբրև ՊՆ-ի անունից ու կորուստների մասին. սա նրանց ընդհանուր մեծ գործողության մի մաս է»,- ասաց Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ հուլիսի 15-ից նման հարձակումներով փորձում են անհանգստացնել մարդկանց՝ whatsapp, viber հավելվածների միջոցոցով, իսկ ավելի վաղ սկսել էին Telegram-ից:
«Երբ անհատապես են զանգում, գրում, մարդ սկսում է նեղվել: Մի քանի գործողություն եք անում: Առաջինը, օրինակ՝ whatsapp, viber-ի միջոցով հայհոյում են՝ արգելափակում եք»,- ասաց Մարտիրոսյանը՝ նշելով, որ երկրորդ դեպքում էլ զանգում են, որի դեպքում ևս հորդորեց արգելափակել: Նա նաև նշեց, որ հաճախ ավելացնում են նաև տարբեր խմբերի մեջ, որոնցից պարզապես պետք է դուրս գալ: Տեղեկատվության անվտանգության մասնագետը նաև ասաց, որ հնարավորության դեպքում պետք է նաև գիշերն անջատել ձայնը՝ զանգեր ստանալուց խուսափելու համար:
Մարտիրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիները մի քանի տարվա մեջ հավաքել են տարբեր անձնական տվյալների բազաներ և հիմա ունեն թիրախներ: «Երբ անձնական տվյալներին նորմալ չենք վերաբերվում, հետո դրանից օգտվում է հակառակորդը, ու հիմա դրա օրինակը գիտենք:
Անձնական տվյալը խաղալիք չէ. հույս ունեմ՝ օրերից մի օր լուրջ կվեարբերվենք: Իրենք անընդհատ մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որպեսզի էլի վնաս տան»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ հեռախոսային ահաբեկչության դեմ պայքարի ձևը չնեղվելն ու արգելափակմամբ խնդրին լուծում տալն է: