Այսօր Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել և տալ համաձայնություն՝ ՀՀ սնանկության դատարանի վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ տեղեկացնում է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Արթուր Դավթյանը, հիմք ընդունելով «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասը, երեկ միջնորդություններ է ներկայացրել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ վերջինիցս ստանալու համաձայնություն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:
Այլ մանրամասներ դատախազությունը չէր հաղորդել՝ ելնելով ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներից, համաձայն որի քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն: