Արտահերթ նստաշրջանն Արցախի խորհրդարանն սկսել է Տավուշում զոհված զինծառայողների հիշատակը հարգելով: «Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծն ազգային ժողովը քննարկել է նախագահի առաջարկով:
Արայիկ Լազարյան, Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ - Պատժի կրումից ազատել ազատազրկման հետ չկապված պատիժների և մինչև 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվածներին, մինչև 6 տարի ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամներին, մինչև 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձանց, 60 տարին լրացած անձանց, Արցախի և Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված անձանց հարազատներին, այդ մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաև այն անձանց, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
Արցախի սահմանադրության համաձայն` համաներում կարող է հայտարարել խորհրդարանը՝ նախագահի առաջարկով: Այն նպատակ ունի մեղմացնել համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները:
Արայիկ Լազարյան, Արցախի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ - Պատժաչափի չկրած մասը կրճատել որոշակի ժամկետներով՝ երկու երրորդով, մեկ երրորդով կամ մեկ չորրորդով՝ կախված նրանից, թե հանցագործությունը կատարվել է անզգուշությամբ, դիտավորությամբ կամ անձը նախկինում դատված է կամ դատված չէ:
Քրեական գործերով համաներումը նախատեսվում է կիրառել սեղմ ժամկետներում՝ առավելագույնը 3 ամսում: Օրենքի նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովների և «Ազատ հայրենիք-քաղաքացիական միացյալ դաշինք» խմբակցության կարծիքները դրական էին:
Սևակ Աղաջանյան, Արցախի ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Այս պայմաններում Արցախում համաներում հայտարարելը կլինի մարդասիրական մեծ քայլ: Օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում և միաձայն տրվել է դրական եզրակացություն: Ուստի առաջարկում ենք օրենքի նախագծին քվեարկել կողմ:
Արթուր Հարությունյան, Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար - Մեր խմբակցությունը միաձայն կողմ է քվեարկելու այս օրենքի նախագծին:
«Քրեական գործերով համաներում հաստատելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ, որից հետո պատգամավորներն առաջարկություններ ներկայացնելու համար 3 ժամ ունեին: Սահմանված օրակարգի համաձայն՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը պետք է կազմակերպվի 24 ժամվա ընթացքում: