Հրեա վերլուծաբան Ավիգդոր Էսկին յութուբյան իր ալիքի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին: Էսկին նշել է, որ Իսրայելի բնակիչներն անհանգստանում են բարեկամ հայ ժողովրդի համար:
Վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ լարվածություն առաջացել է ոչ թե արցախա-ադրբեջանական, այլ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, որտեղ տարածքային խնդիր երկրների միջև չկա:
«Լարվածությանը հետևեց Թուրքիայի շատ կոպիտ արձագանքը՝ հօգուտ Ադրբեջանի: Իսկական համերաշխություն։ Երբ մի քանի հազարանոց զանգվածը ներխուժեց խորհրդարանի շենք, այնտեղ ոչ միայն մարտական գործողություններից բարկացած կամ շփոթված Ադրբեջանի քաղաքացիներ էին, այլ՝ այնտեղ ակնհայտ դրսևորվում էին իսլամական բոլոր էլեմենտները»,- նշում է Էսկին:
Վերլուծաբանը ուշադրություն է հրավիրում նաև հանգամանքին, որ Թուրքիայում իշխող «մուսուլման եղբայրները» պայքարում են Ադրբեջանի իսլամիստների դեմ, որոնց դիրքերն օրեցօր ավելի են ամրանում: Եվ ո՞վ կարող է ասել, որ Ադրբեջանում 3-4 տարի անց իշխանության չի գա այնպիսի իսլամիստ, ինչպիսին Էրդողանն է Թուրքիայում՝ նշում է վերլուծաբանը:
«Ալիևի ռեժիմը հավերժ չէ: Պետք է հասկանալ, որ այդպիսի ռեժիմները, օրինակ արաբական երկրներում, որոշ ժամանակ պահվում են, հետո՝ ընկնում: Ադրբեջանն էլ այսօր նույնպիսի ազդեցությունների տակ է: Այնտեղ առաջիկայում կարող է լինել իշխանափոխություն: Իսրայելի և Հայաստանի միջև մինչև օրս դիվանագիտական նորմալ հարաբերություններ չեն հաստատվել, իսկ Ադրբեջանին Իսրայելը զենք է վաճառում, Ադրբեջանը՝ Իսրայելին՝ նավթ: Նույն զենքերն առաջարկվել է նաև Հայաստանին, բայց Հայաստանը նախընտրել է ռուսականը»:
Ըստ Էսկինի՝ լավ է, որ Հայաստանում արդեն հասկացել են՝ մեր գլխավոր դաշնակից ԱՄՆ-ն ավելի շատ զենք է վաճառում արաբական պետություններին, քան՝ մեզ: Միայն Սաուդյան Արաբիային՝ երկու ամգամ ավելի շատ: Այսինքն զենքի առևտուրն աշխարհում չի համարվում համագործակցության նշան: Իսրայելի միակ հետաքրքրությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ստատուս քվոյի վերականգնումն ու նոր սահմանների հստակեցումն է, թե ինչպես դա տեղի կունենա, դա Իսրայելի խնդիրը չէ:
«Հարցն իսրայելական տեսանկյունից նայեցինք, եկեք նայենք նաև Ռուսաստանի՝ Հայաստանի դաշնակցի տեսանկյունից: Ես հարց ունեմ: Անհրաժեշտ չե՞ք համարում ձեր համերաշխությունը ցուցաբերել ձեր հավատարիմ դաշնակցին: Չէ՞ որ դուք հասկանում եք՝ որ Թուրքիան ձեզ համար շատ խնդրահարույց երկիր է: Համագործակցային հարաբերություններ Թուրքիայի հետ մենք որևէ ոլորտում, որևէ տեղ չենք նկատում: Վաշինգտոնի հայացքը: Այս ամենը շատ լավ է հասկանում նախագահ Թրամփը: Ժամանակը չէ՞ իրենց տեղը դնելու, այս ամենին վերջակետ տալու, հանգստացնելու.... Սա նշանակում է՝ ընդունել նոր իրականությունը, ինչպես Հոլանի բարձունքների դեպքում է, և Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել նոր նախագիծ, ոչ թե այն ինչ կա արդեն բանակցային սեղանին»,- նշում է վերլուծաբանը: