Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ:
Հայաստանի կապիտալի շուկան դեռևս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ՝ նշեց նախարարը:
«2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն և տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարևոր պայման են պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը և նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը:
Խաչատրյանը մանրամասնեց, որ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է երկու մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նախարարը հավելեց, որ, իր կարծիքով՝ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձևավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում և թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին, այդպիսով ընդլայնել դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողություններ ներդնելու մեկ տեղ ունեն՝ դա բանկային համակարգն է: Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել:
«Մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլև շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին և այդ շուկայում անել ներդրումներ, որը նաև հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլև քաղաքացիներից: Սա տնտեսական հեղափոխության կարևոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձևավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարևոր արտահայտությունն է»,- նշեց վարչապետը՝ հայտնելով, որ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձևավորված հարթակների ուղղակի չեն լինի:
«Դա վերաբերում է և՛ անհատ, և՛ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետև այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց փոխվարչապետը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ընդգծեց՝ զարգացման հերթական քայլն են անում:
«Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել: Բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ և հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»,- նշեց Ջանջուղազյանը: