Ավելի քան երկու տարի որոշ շրջանակներ ստեր են տարածում՝ փորձելով վարկաբեկել թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած քաղաքական ուժը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Խոսում են դիվանագիտական կորպուսում մեր պարտության մասին. դրա պատասխանն այն է, ինչ եղավ երեկ: Եթե դիվանագիտական կորպուսում կրեինք պարտություն, մեր հակառակորդի արտաքին գերատեսչության ղեկավարը հրաժարական չէր տա, և Ալիևը հրապարակային դժգոհություն չէր հայտնի:
Ռազմական գործի մեջ մասնագետ չեմ, բայց մի երիտասարդ տղա կա, որը փախուստի մեջ է գտնվում հայրենի իրավապահներից, մեզ մեղադրել էր բազմամիլիոնանոց ծախսեր անելու և ՕՍԱ-ԱԿԱ համալիր գնելու համար, որը նա համարել էր «մետաղի ջարդոն»: Այդ «մետաղի ջարդոնը» մի քանի տասնյակ միլիոն դոլարանոց թանկարժեք զենքի վախճանի պատճառ դարձավ: Դա պարզագույն սուտ էր, որով փորձում էին մոլորեցնել մեր քաղաքացիներին:
Ասում էին, որ այս իշխանությունները եկել են հողեր հանձնելու. այն, ինչ տեղի ունեցավ, բոլորիս համար ակնհայտ է, այդ սուտը ևս ջախջախվեց»,- ասաց պատգամավորը՝ հայտարարելով, որ այդ ստերի ցանկը տասնյակներով կարելի է շարունակել: