«Լուրերի» հարցին, թե հակառակորդի հրետակոծության հետևանքով քանի՞ տուն վերականգնման ենթակա չէ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց.
«Նախորդ օրերի վնասված տների քանակը մոտ 20 է: Կան տարբեր բնույթի վնասներ, և ուղղակի ասել, որ այդ տները վերանորոգվելու են, կարող է մի փոքր բարձր հնչել, կան նաև փոքր վնասներով տներ: Այս գիշերից հետո առկա է վնասված ևս 10 տուն: Ընդհանուր առմամբ, մենք խոսում ենք այս պահին 30 առանձնատների մասին: Նախնական ուսումնասիրությամբ՝ ունենք առնվազն երկու տուն, որոնք ոչ թե կվերականգնվեն, այլ զրոյից կկառուցվեն»,- ասաց մարզպետը:
Հիշեցնենք, որ մարզպետը տեղեկացրեց, որ առավոտյան Կառավարության հետ քննարկումներ են ունեցել, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է փոխանցի վնասների չափի վերաբերյալ: Վաղվանից պետք է սկսեն զբաղվել այդ տների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: