Թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների հիմնական զսպիչ ուժը, արդարև, մեր բանակի հզոր պաշտպանությունն է: Այդ մասին նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ֆեյսբուքի էջում:
«Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, հետևորդ աստվածապատվեր խաղաղության ու համերաշխության, նախանձախնդիր՝ աստվածաշնորհ ազատության: Հայրենիքի խաղաղությունը, ազգի ազատ կյանքի պաշտպանությունը սրբազան առաքելություն են մեզ համար:
Մեր ժողովուրդը, որ իր պատմության ընթացքում օրհասական վտանգների դեմ համախումբ, իր հավատքի ուժով և ոգու արիությամբ բազում հաղթանակներ է կերտել, այսօր ևս նույն հանձնառությամբ հերոսաբար կանգնած է ընդդեմ վայրագությունների ու բռնությունների, ընդդեմ պարտադրված պատերազմի՝ վերահաստատելու համար խաղաղությունը:
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են՝ հավատքով զորացնելով ու քաջալերելով մեր հայրենյաց պաշտպաններին և աղոթելով, որ միշտ հաղթական լինի բազուկը հայ զինվորի»,- ասված է Կաթողիկոսի խոսքում: