ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է թույլատրել ոստիկանությանը կազմակերպել փակ նպատակային մրցույթով գնման գործընթաց ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայություններ ձեռք բերելու համար:
«Նախատեսվում է նաև Դավթաշենի երկրորդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման հիմունքներով տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար»,- նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ աշխատանքներն իրականացվելու են ոստիկանության ընդհանուր միջոցների հաշվին:
Վարչապետը հավելեց, որ պաշտպանության նախարարությունից հետո սննդի ապահովման ծառայությունը շարունակվում է այլ նախարարություններում, և սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկա է, որն արդարացնում է իրեն:
«Որպեսզի այդ համակարգն ինստիտուցիոնալ, ամբողջական կայանա, պետք է շարունակենք լավարկել այն բոլոր շերտերում ու ուղղություններով: Հիմա ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ, որը շատ կարևոր է»,- նշեց Փաշինյանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ զեկուցեց, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում ավարտվել է սննդի ապահովման գործընթացը, և այնտեղ օգտվելու ցուցանիշը 100 տոկոս է:
Ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատուցման ծառայություններ ձեռք բերելու նախագիծն ընդունվեց միաձայն: