Ադրբեջանում ցույցերը բեմադրված էին, սակայն դրանք դուրս եկան վերահսկողությունից, տեղի ունեցան բախումներ: ԱԺ արտահերթ նիստում, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի ռազմական սադրանքները կապված են նրա հետ, որ Ադրբեջանում առկա է լուրջ ճգնաժամ: «Յուրաքանչյուր բռնապետ փորձում է իր ներքին խնդիրները լուծել փոքր պատերազմի միջոցով, և նման դեպքերում բռնապետություները դառնում են շատ վտանգավոր,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով,- մենք պետք է զորավիգ լինենք մեր բանակին, լինենք համախմբված՝ չմոռանալով իհարկե կորոնավիրուսի տարածումը»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ եզդիները պատրաստ են մեկնելու սահման և աջակցելու մեր զինվորներին: Նա կոչ արեց նաև օտար երկրներում ապրող եզդիներին նույնպես զորավիգ լինել հայ ժողովրդին՝ պատրաստ պայքարելու նաև դիվանագիտական ճակատում: