Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ), որը հանդիսանում է Համաշխարհային բանկի խմբի անդամ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում մի նախաձեռնություն է սկսում, որով ՀՀ-ում կընդլայնվեն բիզնես սկսելու և զարգացնելու, միջոցներ ներգրավելու, եկամուտներ գեներացնելու, աշխատատեղեր ստեղծելու և տնտեսական աճին նպաստելու կանանց հնարավորությունները՝ տեղեկացնում են կազմակերպության գրասենյակից։
ՄՖԿ-ի «Տնտեսական աճը և կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցության պայմաններում այսօր ներկայացրեցին մի ծրագիր, որը կոչվում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով»։ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) միջոցառումներ կիրականացնի Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի և Գյումրու ու Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։
ՀՀ-ում կանանց միայն 60%-ն է մասնակցում աշխատուժին, որը հանգեցնում է ՀՆԱ-ի 14 տոկոսի չափով տնտեսական արդյունքի կորստի։ Մենթորների ուղղորդմամբ ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն իրենց բիզնեսը սկսելու և ընդլայնելու համար բիզնես կարողություններ, կսովորեն ռիսկի կառավարման գործիքներ՝ դժվարին պայմանները և պոտենցիալ ճգնաժամերը հաղթահարելու համար։ Մասնակիցները կսովորեն, թե ինչպես վարել գործնական բանակցություններ, ներգրավել ֆինանսական ռեսուրսներ և տեխնոլոգիական լուծումներ ներդնել՝ հօգուտ իրենց բիզնեսի։
Հարավային Կովկասի համար ՄՖԿ-ի տարածաշրջանային ղեկավար Ջան վան Բիլսենն ասել է․ «Մեր նպատակն է լուծել այն դժվարությունները, որոնք հետ են պահում կանանց իրենց բիզնեսը սկսելուց և ընդլայնելուց՝ նրանց ուժեղացնելով անհրաժեշտ կարողություններով և օգնելով օգտվել առկա հնարավորություններից։ Նախաձեռնությունը միտված է խրախուսել, մոտիվացնել և ուղղորդել կանանց, որպեսզի նրանք դառնան ՀՀ տնտեսության ակտիվ մասը»։
Ծրագիրը կունենա երկու հիմնական բաղադրիչ՝ Ինտենսիվ ճամբարներ (Bootcamps) և Աքսելերացման ծրագիր։ Ինտենսիվ ճամբարները կլուծեն հայտատու կանանց սպեցիֆիկ կարիքները, որոնք կվերաբերեն հարցերի լայն շրջանակի, ինչպիսիք են, օրինակ՝ բիզնես գաղափարի ձևավորումը, բիզնեսի զարգացումը և ֆինանսական պլանները, վաճառքի խթանումը և հաճախորդների ու գործընկերների ներգրավման մարքեթինգային կարողությունները։
Ինտենսիվ ճամբարների համար կընտրվեն ձեռնարկատեր կանայք Աքսելերացման ծրագրից, որը մասնակիցներին կօգնի իրենց բիզնեսներում ինտեգրել նորարարությունը և տեխնոլոգիան։ Այն նաև կանանց կօգնի օգտվելու ավելի մեծ բիզնես ցանցերից և ֆինանսավորողներից։ Աքսելերացման ծրագիրն ավարտելուց հետո մասնակից թիմերն իրենց բիզնես գաղափարները և պրոդուկտները կներկայացնեն (pitch) գնահատող հանձնաժողովին։ Լավագույն հինգ թիմերը ՁԻՀ-ից կստանան դրամաշնորհ 1 մլն ՀՀ դրամի չափով (յուրաքանչյուրը մոտ 2000 դոլար), որը կօգնի ավելի զարգացնելու իրենց ծրագիրը։
Հետաքրքրված կանայք կարող են ծրագրին մասնակցության համար դիմել մինչև 2020 թ. հուլիսի 20-ը՝ լրացնելով առցանց մասնակցության հայտը՝ անցնելով ստորև բերված հղումով [https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlJh_CnVMOI5zzKg6l_OAhXH_UZCvg8KPEo3Wy6WI0iQWWNw/viewform]։
Քանի որ Հայաստանը դարձել է ՄՖԿ անդամ և բաժնետեր, ՄՖԿ-ն օժանդակել է երկրում շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի չափով ծրագրերի՝ հիմնականում էներգետիկայի, ֆինանսական, գույքի և արդարադատության ոլորտներում։