ՌԱԿ Կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի հերթական ագրեսիայի դրսևորման կապակցությամբ։ Հայտարարությունում ասված է․
Հերթական անգամ կոպտորեն խախտելով Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև 1994 թ. կնքված զինադադարի եռակողմ պայմանագիրը, արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանը սադրիչ ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի ուղղությամբ՝ արհամարհելով համաշխարհային համավարակի հետ կապված Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կոչը առ այն, որ աշխարհով մեկ պետք է դադարեցվեն բոլոր տեսակի ռազմական գործողությունները:
Արժանի հակահարված ստանալով՝ հակառակորդը զինտեխնիկայի և կենդանի ուժի զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, մենք նույնպես ունեցել ենք զոհեր: Հայոց բանակի այդ խիզախ չորս զինվորականներն իրենց կյանքը չխնայեցին՝ հնարավորություն տալով մեզ իրացնելու մեր ապրելու իրավունքը, և որոնց կորստի համար խորությամբ սգում ենք ու կիսում հարազատների վիշտը:
Հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ օրհասական պահերին ունակ է դրսևորել բարձր ինքնագիտակցություն և համախմբվածություն: Այժմ էլ մեր սրբազան պարտքն է՝ բռունցքվել և միասնաբար պայքարել թշնամու դեմ: Բոլորիս համար ակնհայտ է այս բարդ իրավիճակում ամուր պետականության բացառիկ կարևորությունը և իշխանությունների շուրջ քաղաքական բոլոր ուժերի համախմբվելու անհրաժեշտությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ: Ռամկավար Ազատական կուսակցությունը՝ որպես հեղափոխությանն աջակցած և նրա արժեքների համար պայքարած հայ ավանդական կուսակցություն, կոչ է անում Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայությանը այս օրհասական պահին սատար կանգնել մեր երկու ինքնիշխան պետությունների գործող իշխանություններին, համախմբվել ու պայքարել թշնամու կողմից մեզ պարտադրված մարտահրավերի դեմ: