Կառավարության նիստում հավանության արժանացավ 2020 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ Կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մարզպետարաններին գումար հատկացնելու նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց, որ այդ նախագծով հատկացնում են 2 մլրդ 646 մլն դրամ՝ 2019 թվականից սկսված սուբվենցիոն ծրագրերը շարունակելու համար:
«Շինարարական աշխատանքների վճարման համար մենք հիմա գումարը փոխանցում ենք մարզպետարաններին, որպեսզի մարզպետարաններն իրենց հերթին այն տրամադրեն համայնքներին: Խոսքը վերաբերում է 83 համայնքներում շուրջ 106 սուբվենցիոն ծրագրերին: Նշեմ նաև, որ դեռևս 2020 ապրիլի 23-ին 21 ծրագրերի ֆինանսավորման համար մեր կողմից հատկացվել է 405 մլն դրամ»,- ասաց նախարարը:
Այստեղ կան այնպիսի ծրագրեր, որոնք ֆիզիկապես 6 ամսվա ընթացքում ուղղակի կատարել հնարավոր չէ: Պապիկյանը հիմնավորեց՝ քանի որ ավարտը սահմանված է դեկտեմբերին, հաջորդ տարվա շինարարության համար բարենպաստ եղանակային պայմանների դեպքում միայն կարող են շարունակել: Այս տարի հաստատվել է 701 ծրագիր: Անդրադառնալով ընթացիկ մրցութային գործընթացին՝ Պապիկյանն ասաց՝ բացառությամբ մի քանի ճանապարհաշինական նախագծերի՝ հիմնականում բոլորը լավ ընթացք ունեն: