Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈՒ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար կյանքը զոհած տղաների հիշատակը:
Այնուհետև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ քաղպաշտպանության զինվորները հրետակոծվող բոլոր գյուղերում են, աշխատում են բնակչության հետ:
«Մեր խնդիրն այնտեղ բնակչության անվտանգության ապահովումն է և միաժամանակ հրդեհների և ավերածությունների վերացումը: Հրդեհներ եղել են արդեն: Մեր մեքենաները մոտենալու խնդիր ունեն, որովհետև կրակի տակ են: Այստեղ մենք ապահովում ենք գյուղերը հրշեջ մեքենաներով: Լրացուցիչ ուժեր ենք Երևանից ուղարկել, որոնք զբաղվում են միայն ավերածությունների վերացմամբ: Գտնվում են Բերդի տարածաշրջանում»,- նշեց Ցոլակյանը՝ դժգոհելով որոշ լրատվամիջոցների աշխատանքից, որոնք ապատեղեկատվություն են տարածում:
Վարչապետը հավելեց, որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունն ավելանում է, և քաղաքացիները սկսում են տարբերել տեղեկատվությունը ապատեղեկատվությունից, իսկ հանրային հակազդեցության միջոցներն արդյունավետ են: