Վաղ առավոտվանից ռմբակոծվել են Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ բնակավայրերը` Բերդ քաղաքն ու Տավուշ գյուղը: Համայնքի քաղպաշտպանության համակարգը բավականին լավ է աշխատել և նաև դրա շնորհիվ է, որ մենք մինչև օրվա երկրորդ կեսը կարողանում էինք պատսպարվել, սակայն օրվա երկրորդ կեսին ունեցանք վիրավոր` Չինարի գյուղից: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«ԱԻՆ աշխատակիցները մոտեցել էին օգնություն ցուցաբերելու վիրավորին, այդ ժամանակ է թիրախավորվել ԱԻՆ-ի ավտոմեքենան: Ռմբակոծումն իրականացվել է ԱԹՍ-ներից: Այսօրվա քաղպաշտպանությունն ու պատսպարպարումը յուրահատուկ էր վերջին 30 տարվա ընթացքում, որովհետև երկրորդ կեսին հիմնված էր ԱԹՍ-ներից պատսպարվելու պահանջի վրա: Սա նորություն էր մեզ համար, քանի որ այս պարագայում թիրախավորված էր ամբողջ տարածաշրջանը, սակայն մենք կարողացանք ապահովել տոտալ պատսպարում»,- ասաց Չոբանյանը:
Տավուշի մարզպետը նշեց, որ դեռ կան բացեր, որոնք լրացվում են գործընկերների աջակցությամբ: Արդեն սկսվել է վերականգնողական աշխատանքների առաջին փուլը` գնահատման և որոշակի մասնակի նախագծային աշխատանքների տեսքով:
«Կարողացանք արձանագրել բոլոր դեպքերն ու թերությունները: Այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը` ենթակառուցվածքային, 4-ը` տրանսպորտային միջոցների, 2-ը` ընտանիք կենդանիների և 41-ը` շինությունների: 22 շինություն, միայն, վնասվել է այսօր, դրանցից 2-ը լիարժեք վերականգնման է ենթակա»,- ասաց մարզպետը:
Չոբանյանը նշեց, որ դատապարտում է քաղաքացիական բնակչության նկատմամբ ոտնձգությունը և ցավում է դեպքերի համար: Նա նաև տեղեկացրեց, որ վիրավոր քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: