Այսօր Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունում կայացել է Էյնդհովեն քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Վիլլի ֆան դե Կերկհոֆի հյուպատոսական արտոնագրի հանձնման արարողությունը: Մասնակցել են նաև Ամստերդամում ՀՀ պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկը և այլ հյուրեր։ Այս մասին տեղեկացնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:
Շնորհավորելով Վիլլի ֆան դե Կերկհոֆին՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը նրան մաղթել է հաջողություններ և կարևորել պատվավոր հյուպատոսի առաքելությունը Հյուսիսային Բրաբանտ, Լիմբուրգ, Զեելանդ և Խելդերլանդ նահանգներում, ինչպես նաև տեխնոլոգիական և արդյունաբերական հանգույց հանդիսացող Էյնդհովենում և Նիդեռլանդների հարավում ՀՀ պատշաճ ներկայացվածության հարցում։