«Ատոմակայանին հարվածելու մասին Բաքվի սպառնալիքը լուրջ սայթաքում էր նրանց կողմից: Պետք է օգտվենք: Միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրել տվյալ սպառնալիքի վրա, որի հետևանքը տարածաշրջանային միջուկային աղետն է»,- հայտարարել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի սպառնալիքներին, թե Ադրբեջանը կարող է հրթիռակոծել Մեծամորի ատոմային էլեկտրակայանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին, պատասխանելով լրագրողի հարցին, թե իբր Հայաստանը սպառնացել է հարվածել Մինգեչաուրի ջրամբարին, ասել է. «Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»:
Մինչդեռ նկատենք, որ Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս՝ չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ: