Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացրել է, որ «Հաղթանակ» զբոսայգում աշնանը մեծ ծառատունկ կիրականացվի:
««Հաղթանակ» զբոսայգին սկսում է շնչել:
Տարիներ շարունակ զբոսայգում ոռոգման համակարգը խափանված է եղել, հարյուրավոր ծառեր ու թփեր չորացել են: Մի քանի հեկտար խոտածածկ տարածքը ծարավ էր:
Այս տարի գարնանը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորումից հետո, այգում սկսվել են ծավալուն աշխատանքներ: Իրականացվում է խոտհունձ, հատվում են գույքագրված չորացած ծառերն ու թփերը, գործարկվում է ոռոգման նոր համակարգը:
Վերջին երեք ամիսներին՝
28 հա տարածքից հնձվել է չոր խոտը.
8 հա տարածք լիարժեք մաքրվել է մացառներից.
50 չորացած ծառ է հատվել.
10000 ծաղիկ է տնկվել.
9000 թուփ է տնկվել,
70 մեքենա հնձված խոտ և 120 մեքենա չոր ճյուղ է դուրս բերվել այգու տարածքից:
Աշնանը կիրականացվի նաև մեծ ծառատունկ:
Սակայն զբոսայգում կան տարածքներ, որոնք գտնվում են այլ սուբյեկտների տիրապետության տակ, ցանկապատված են և անհասանելի կանաչապատման ու սանիտարական աշխատանքների համար, ինչը դժվարացնում է հրդեհային անվտանգության ապահովումը և խանգարում այգու բարեկարգ տեսք ունենալուն»,- տեղեկացրել է քաղաքապետի խոսնակը: