Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» լրացում կատարելու նախագիծը՝ 1 կողմ, 79 դեմ և 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն առաջարկեց դեմ քվեարկել նախագծին և վերադարձնել այն առաջինից երկրորդ ընթերցման փուլ՝ այն արտակարգ իրավիճակի պայմաններին առավել համապատասխանեցնելու համար:
Նշենք՝ փոփոխությունը ենթադրում էր համավարակով պայմանավորված՝ անաշխատունակության վիճակում գտնվող պատգամավորներին գրավոր, հեռավար քվեարկության հնարավորության ընձեռում: Գործող կարգավորմամբ՝ պատգամավորը հնարավորություն ունի գրավոր կարգով քվեարկելու, եթե ԱԺ կողմից գործուղման մեջ է:
ԱԺ-ն 1 կողմ, 78 դեմ, 7 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ մերժեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը:
Նախագծի հեղինակ Սուրեն Գրիգորյանը նույնպես նշեց, որ փաթեթն անհրաժեշտ է լրամշակել, ուստի խնդրեց դեմ քվեարկել և այն վերադարձնել առաջինից երկրորդ ընթերցման փուլ:
Նշենք՝ նախագծով առաջարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի առաջադրման իրավունքով օժտել ոչ թե Ազգային ժողովի խմբակցություններին, այլ Ազգային ժողովի նախագահին, որն ունի խորհրդարանը ներկայացնելու և նրա բնականոն գործունեությունն ապահովելու իրավասություն: Առաջարկի ընդունման պարագայում կապահովվեն գործընթացում թեկնածուի անխոչընդոտ առաջադրումը և մրցութային խորհրդի բնականոն գործունեությունը:
«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթեցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով:
Նշենք՝ նախագծով նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում նախարարության գործունեության պլաններ, որի հաստատման լիազորությունը վերապահվում է Կառավարութանը: Նաև ֆիքսում է, որ առնվազն 5 տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 96 կողմ ձայնով:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է աշխատանքային գրքույկների թվայնացման ժամկետը երկարաձգել ևս մեկուկես տարով՝ մինչև 2022-ի հունվարի 1-ը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՊՈԱԿ-ների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 82 կողմ, 11 ձեռնպահ ձայներով:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է ՊՈԱԿ-ներին ամրակցված գույքը վարձակալության հանձնել բացառապես Կառավարության հաստատած կարգով, որի նպատակն է պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրանով նաև պետբյուջեի եկամուտների ավելացումը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 79 կողմ, 17 դեմ ձայներով, ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» և «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը:
Նշենք՝ նախագծով նոր կարգավորումներ են նախատեսվում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում: Փաթեթն առաջինից երկրորդ ընթերցում լրամշակվել է:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը՝ 95 կողմ, 1 դեմ ձայներով:
Նշենք՝ նախագծով տեղական արտադրության կոնյակի գովազդը բացառությունից կհանվի, և դրա հեռարձակումը նույնպես կարգելվի ժամը 06:00-22:30-ը:
«Ընդերքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 98 կողմ ձայնով:
Նշենք՝ նախագծով առաջարկվող ամենաառաջնային փոփոխությունն արդյունահանման թույլտվության հետ է կապված: Առաջարկվում է արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ հանքավայրի պաշարները ուսումնասիրված և հաստատված չեն՝ մետաղականի համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում, ոչ մետաղականի համար՝ վերջին 10 տարվա ընթացքում:
«Ռազմարդյունաբերության մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց 99 կողմ ձայնով: