Հուլիսի 16-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Մանլիո Դի Ստեֆանոյի հետ:
Ավետ Ադոնցն իր իտալացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի երկայնքով Ադրբեջանի կողմից զինուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական ագրեսիան: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը դատապարտել է նաև Թուրքիայի ԱԳՆ կողմից կատարած կողմնակալ և սադրիչ հայտարարությունը:
Մանլիո Դի Ստեֆանոն նշել է, որ Իտալիան մնում է այն տեսակետին, որ նման խնդրիները պետք է լուծվեն բացառապես բանակցությությունների միջոցով: Մանլիո Դի Ստեֆանոն ընդգծել է, որ Իտալիայի ԱԳ նախարարության կողմից արդեն իսկ տարածված հաղորդագրությունում իտալական կողմը կոչ է արել կողմերին զերծ մնալ լարվածության հետագա աճից, վերադառնալ կառուցողական բանակցային դաշտ և խնդիրը լուծել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում՝ բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Իտալիայի ԱԳՄՀ նախարարի տեղակալն հավելել է, որ այս հարցում Հայաստանը կարող է ակնկալել Իտալիայի լիակատար աջակցությունը:
Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին և դրանց հետագա խորացմանը։ Ավետ Ադոնցն ու Մանլիո Դի Ստեֆանոն փոխադարձաբար ներկայացրել են համավարակի վերաբերյալ Հայաստանում և Իտալիայում տիրող իրավիճակը, կառավարությունների կողմից ձեռնարկված միջոցները՝ ուղղված համավարակի հաղթահարմանն ու սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը: Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին՝ համավարակի շրջանակներում Հայաստանին ցուցաբերած օգնության և Հայաստան գործուղված բուժանձնակազմի համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք կարևորություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: