Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց երեկ 24-ժամյա հրադադարից հետո ադրբեջանական կողմի սանձազերծած դիվերսիայի մանրամասները:
«Գիշերը՝ մոտավորապես կեսգիշերից հետո, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատները, պետք է սա շեշտեմ՝ էսպես ասած «փառապանծ Յաշմայի զորախումբը», որը պայմանական անուն է հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումների համար, 100 զինծառայող հրետանային կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների հերոսական և գրագետ գործողության արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի զրահատեխնիկա և այլն»,- նշեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ առավոտյան արդեն ադրբեջանական զինված ուժերի լրատվական ծառայությունն ընդունել է իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ հստակեցված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը, և ովքեր են նրանք:
«Հերթական անգամ տապալվելով՝ ադրբեջանական զինված ուժերը փորձել են իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից և Տավուշի մեր գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը: Առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին նաև՝ իբր հայկական ԶՈՒ-ը կիրառել են ԱԹՍ, որը պաշտոնապես հերքվել է և չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Խոսելով կամավորների ակտիվության մասին՝ առաջնագիծ մեկնելու և ծառայություն իրականացնելու՝ Հովհաննիսյանը կրկնեց՝ առայժմ կարիք չկա, հայկական զինուժն իր առջև դրված խնդիրն խնդիրն իրականացնում է փայլուն:
«Արդեն քանի օր է՝ տեղական ինքնակառավարման մարմինների զորամասերի մոտ հավաքվում են պատրաստակամ հայրենակիցները՝ հիմնականում ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք պատրաստակամություն են հայտնում մեկնելու մարտական դիրքեր, ծառայություն կատարել և այլն: Մենք ասում ենք, որ կարիք չկա, ես երեկ էլ ասացի, որ զինված ուժերը կոնկրետ իրենց խնդիրը կատարում են: Այս մասին այսօր կլինի պաշտպանության նախարարության հայտարարությունը»,- նշեց Իջևանում ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: