Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի՝ հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
1lurer.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ ազգային անվտանգության
ռազմավարությունը:
5. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Միջազգային փոխգործակցության, անվտանգության և խաղաղության խթանում
5.1 Պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման, Հայաստանի համար բարենպաստ արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային կայունությանն աջակցելու համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը:
5.2 Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ հավաքական պաշտպանության կարողությունների ընդլայնման և դաշնակցային հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:
5.3 Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնություններին՝ ի նպաստ անդամ պետությունների կողմից միմյանց շահերի արդյունավետ պաշտպանության և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման: Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ:
5.4 ԱՄՆ-ի հետ համագործակցության շրջանակում մենք շարունակելու ենք կարևորել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և փոխգործակցությունը՝ միտված պաշտպանական ինստիտուտների բարեփոխմանը և Հայաստանի զինված ուժերի փոխգործունակ կարողությունների զարգացմանը:
5.5 Պաշտպանական ոլորտի բարեփոխումները և միջազգային խաղաղության աջակցման գործողությունները Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքային ուղղություններից են: Մենք շարունակելու ենք ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը պաշտպանության և անվտանգության բնագավառներում՝ որպես Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման բաղադրիչ:
5.6 Ազգային անվտանգության ապահովման համատեքստում Հայաստանը հետամուտ է միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում իր շահերի առաջխաղացմանը, տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բազմազանեցմանը և փոխկապակցվածության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին և ներառական սկզբունքով գործող ենթակառուցվածքային միջանցքներին մասնակցությանը:
5.7 Կարևորելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացները՝ Հայաստանը ակտիվ և նախաձեռնողական մասնակցություն է ցուցաբերում կառույցի գործունեությանը, ինչպես նաև այլ տարածաշրջանների առանցքային տնտեսությունների և տնտեսական միավորների ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության միջոցով Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
5.8 Մենք կարևորում ենք Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցությունը և հետևողականորեն աշխատելու ենք առկա հնարավորությունների առավելագույն օգտագործման, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ տնտեսական երկխոսության և համաձայնագրի տնտեսական բաղադրիչի դրույթների իրագործման ուղղությամբ:
5.9 Հայաստանը շարունակելու է վարել նախաձեռնողական և արդյունավետ բազմակողմ դիվանագիտություն` վստահ լինելով, որ արդյունավետ բազմակողմանիությունը ձևավորում է իրավահավասար փոխգործակցություն մեծ ու փոքր պետությունների միջև և միջազգային անվտանգության, խաղաղության և զարգացման գրավական է:
5.10 Արդյունավետ փոխգործակցությունը ՄԱԿ-ի շրջանակում նպաստում է միջազգային լավագույն փորձի, ռեսուրսների օգտագործմանն ու տեղայնացմանը Հայաստանի կայուն զարգացմանը միտված ազգային ծրագրերում: Այն նաև կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցանքների դեմ պայքարում, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացման գործում:
5.11 Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական` ռազմաքաղաքական, մարդկային և տնտեսական-բնապահպանական չափումներում՝ դրանք դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր գործոններ:
5.12 Մենք կշարունակենք աջակցել մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և հանդուրժողականության արժեքների արմատավորմանն ու տարածմանը Եվրոպայի խորհրդի շրջանակում:
Ցեղասպանության կանխարգելում
5.13 Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է: Այն իր արտահայտությունն է գտնում թե՛ տարածաշրջանային անվտանգության և թե՛ միջազգային համագործակցության ուղղություններով Հայաստանի ռազմավարական մոտեցման տրամաբանության մեջ:
5.14 Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է:
5.15 Ցեղասպանության կանխարգելումը միջազգային ասպարեզում մեզ համար ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:
5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է այս հանձնառությունը միջազգային համագործակցության միջոցով և հանդես է գալիս այդ համագործակցության առաջատարի դիրքերից՝ հիմնվելով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա:
5.17 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ են ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:
5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:
Հայաստան-Սփյուռք. համահայկականության ձևավորում
5.20 Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության զարգացումը՝ դրանց նոր որակ հաղորդելու նպատակով: Կարևորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս համահայկականության ձևավորման, համահայկական միասնական օրակարգի մշակման դիրքերից:
5.21 Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միտված են համազգային խնդիրների ու առաջնահերթությունների լուծման համար մասնակցային սկզբունքով համահայկական ձևաչափի ստեղծմանը: Համահայկականության զարգացման համատեքստում կարևոր առաքելություն ունեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, Հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիները, ինչպես նաև սփյուռքյան համահայկական կառույցները:
5.22 Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գերակա նպատակը հայության շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև հավաքական գործողություններով առաջընթացի ապահովումը:
5.23 Սփյուռքը Հայաստանի մրցակցային ու զորեղ ներուժի մի մասն է: Մենք քայլեր ենք ձեռնարկելու ներգրավելու Սփյուռքի հնարավորությունները պետականաշինության, երկրի առջև ծառացած անվտանգային, տնտեսական, գիտակրթական, ժողովրդագրական, տեխնոլոգիական զարգացման, արդիականացման և այլ ռազմավարական խնդիրների լուծման համար:
5.24 Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման դեմ ուղղված հիմնական սպառնալիքներն են սփյուռքահայության ուծացման գործընթացը, արտերկրում գտնվող հայկական հոգևոր-մշակութային արժեքների և արևմտահայերենի վտանգվածությունը, հակամարտությունների գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգումը:
5.25 Հայաստանի Հանրապետության և Արցախի առաջընթացի ու անվտանգության, ինչպես նաև Սփյուռքում հայության դիրքերի համակարգված ամրապնդման նպատակով մենք աջակցելու ենք համաշխարհային հայության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ներուժի իրացմանը:
5.26 Մենք խթանելու ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանը զուգահեռ կնպաստի նաև Սփյուռքի կարողությունների և ներուժի հարստացմանը:
5.27 Հայաստանը հետամուտ է խթանելու Սփյուռքում հայապահպանությունը և հայ կրթական ու մշակութային կյանքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև ջանքեր գործադրելու հայկական միջավայրից հեռացած շրջանակներին դեպի ազգային կյանք ներգրավելու ուղղությամբ:
5.28 Մենք հետամուտ ենք Սփյուռքում տարբեր համայնքների միջև նոր կապերի ստեղծման և միջհամայնքային համագործակցության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման խթանմանը, ինչպես նաև համաշխարհային հայկական ցանցի հզորացմանը՝ արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում ռեսուրսների, հմտությունների, գաղափարների անդրսահմանային փոխանցումների նպատակային կիրառմամբ:
5.29 Հայաստանը ձեռնամուխ է լինելու հայրենադարձության իրագործմանը՝ անհատական նախաձեռնությամբ և պետության կողմից հայրենադարձության խթանման ծրագրերի միջոցով: Այս նպատակով մենք Հայաստանում ապահովելու ենք բավարար նախապայմաններ հայահավաքի, կրթամշակութային ու սոցիալ-տնտեսական ինտեգրման համար: Հայաստանը ձեռնամուխ է լինելու նաև կազմակերպված հայրենադարձության իրականացմանը՝ աշխարհաքաղաքական դիմակայության սրացումների պայմաններում տարբեր տարածաշրջաններում բնակվող հայության անվտանգության ապահովման նպատակով:
5.30 Իր հնարավորությունների սահմաններում Հայաստանը Սփյուռքի հայրենակիցների քաղաքացիության երկրների հետ համագործակցաբար շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայ համայնքներին՝ դիմակայելու անմիջական անվտանգային մարտահրավերներին:
(շարունակելի)