2020 թ. հուլիսի 13-ին և 14-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից տարբեր զինատեսակներից, այդ թվում՝ տարբեր տրամաչափի հրազենային, հրետանային միջոցներից կրակոցներ և արկեր են արձակվել մի շարք բնակավայրերի, մասնավորապես, մարզի Բերդ քաղաքի, Բերդ համայնքի Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Տավուշ բնակավայրերի ուղղությամբ։
Խաղաղ բնակչությանը՝ ՀՀ քաղաքացիներին սպանելու դիտավորությամբ կատարված կրակոցների, արկերի պայթյունների հետևանքով տարբեր աստիճանի վնասներ են հասցվել այդ բնակավայրերի խաղաղ բնակիչների, քաղաքացիական անձանց անշարժ և շարժական գույքին, բնակավայրերում տեղակայված քաղաքացիական և արտադրական նշանակության օբյեկտներին՝ տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես՝ նշված գործողությունների հետևանքով տարբեր աստիճանների վնասներ են հասցվել՝
-
Այգեպար բնակավայրում՝ 9 առանձնատան, բնակչի պատկանող և քաղաքացիական օգտագործման «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, բնակավայրում գործող կոնյակի գործարանին, ինչպես նաև ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետին, որի հետևանքով հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պահակակետում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԳՎ վարչության Տավուշի բաժանմունքի 2 ոստիկան,
-
Չինարի բնակավայրում՝ 4 առանձնատան, բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ԳԱԶ 53» մակնիշի 1 ավտոմեքենային,
-
Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում՝ 6 առանձնատան,
-
Բերդ քաղաքում՝ գործող կոնյակի գործարանին,
-
Նորաշեն բնակավայրում՝ բնակչին պատկանող, անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի մեկ ավտոմեքենային,
-
Տավուշ բնակավայրում՝ մեկ գերեզմանի շիրմաքարին և հենապատերին:
Նշված հանցավոր գործողությունների արդյունքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել միայն այն պատճառով, որ բնակիչները, ինչպես նաև արտադրական ձեռնարկությունների աշխատակիցները, հասցրել են պատսպարվել ապաստարաններում, թաքստոցներում կամ այլ վայրերում:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է 13 քրեական գործ, որոնցից՝ 12-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
Քրեական գործերն ընդունվել են վարույթ:
Իրականացվող նախաքննության շրջանակներում կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությամբ արդեն իսկ հիմնավորվել է, որ ՀՀ սահմանամերձ բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են միտումնավոր՝ ազգային ատելության շարժառիթներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար խաղաղ բնակիչներին կյանքից զրկելու և գույքը ոչնչացնելու նպատակներով:
Ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների և ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցավոր գործողությունների դեպքերի և դրանց քրեաիրավական ընթացքի վերաբերյալ: