Այս պահին Տավուշում հարաբերական անդորր է: Համայնքներում խուճապ չկա, իրավիճակը կայուն է՝ հսկողության ներքո: Այս մասին Իջևանի լրատվական ճգնաժամային կենտրոնում ասաց Տավուշի մարզպետը:
Հայկ Չոբանյանն ասաց, որ վաղ առավոտյան վերսկսվել են Տավուշի սահմանապահ գյուղերի ռմբակոծությունները: Հիմնական թիրախ են եղել՝ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը: Առավոտյան տվյալներով՝ բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ:
«Առանձնահատուկ ուզում եմ նշել սահմանապահ Այգեպարի մանկապարտեզի ռմբահարումը: Վնասվել է ջրագիծ՝ Տավուշ Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են: Վաղ առավոտյան մոբիլիզացվել են մարզի քաղպաշտպանության բոլոր խմբերը, և ինտենսիվ աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններով մեր բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: Հայտարարել ենք ներքին մոբիլիզացիա, մասնավորապես, պատսպարման առումով: Մեր քաղաքացիները հիմնականում այդ ընթացքում գտնվել են ապաստարաններում և նկուղներում: Բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության մեջ վիրավորներ և զոհեր չունենք»,- ասաց մարզպետը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքացիներին՝ կազմակերպված գործելու համար:
Մարզպետը տեղեկացրեց, որ առավոտյան Կառավարության հետ քննարկումներ են ունեցել, և ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գնահատման, գույքագրման հանձնաժողով, որն ամենօրյա տեղեկատվություն պետք է փոխանցի վնասների չափի վերաբերյալ: Վաղվանից պետք է սկսեն զբաղվել այդ բնակարանների վերականգնման աշխատանքներով: Այն բնակարանները, որոնց վերականգնումը նպատակահարմար չի լինի, կկառուցվեն նորերը: